ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆ
(ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Պարոն Սեդրակյան, աչքիս մի տեսակ փոխվե՜լ եք, Ձեզ նման չեք` շատ լուրջ, կարելի է ասել «լրջագույն» եք: Ինչո՞վ եք հիմա զբաղված, միայն պատգամավորությո՞ւն եք անում:
-Բա որ միայն պատգամավորությամբ զբաղվեմ, բա իմ ընտանի՞քն ով պահի: Տարբեր բիզնեսներ կան, աշխատում ենք:
-Ախր, պարոն Սեդրակյան, պիտի բիզնեսով չզբաղվեք: Հակացուցված է, որ պատգամավորը բիզնեսով զբաղվի:
-Զբաղվողները զբաղվում են։
-Դուք էլ «նայում» եք:
-Չէ, ես բիզնեսը տվել եմ կառավարման. կառավարողները կառավարում են:
-Հիմա ո՞րն է Ձեզ համար ավելի կարևորը՝ պատգամավորական աշխատա՞նքը, թե՞ կառավարողներին «կառավարելը»:
-Երկուսն էլ կարևոր են:
-Իսկ եթե ավելի անկե՞ղծ:
-Ավելին չկա:
-Ո՞րն է Ձեր անելիքը պառլամենտում, պարոն Սեդրակյան:
-Պառլամենտում անում եմ էն, ինչ բոլորը:
-Պարոն Սեդրակյան, «բոլորի» մասին, կներեք արտահայտությանս համար, ասում են` «կոճակ սեղմողներ»:
-Կոճակներ կան ես չեմ էլ սեղմում։ Որը որ իմ կամքին հակառակ է, չեմ սեղմում:
-Այսինքն, Դուք կարող եք ֆրակցիային դե՞մ գնալ:
-Չեմ կարող դեմ գնալ, բայց բաներ կան, որ իմ բնավորությանը դեմ են, չեմ անում:
-Ասենք` ի՞նչը. անկեղծ-անկեղծ:
-Չեմ ուզում ասել, բայց կոճակները սեղմելիս, որ լավ ման գաք, կտեսնեք:
-Չե՛ք քվեարկում:
-Էն ո՞նց է, որ գրում են... հա` «դու ասացիր»:
-Չե՛ք քվեարկում, որովհետև, ինչպես ընդունված է «գողականում», «զապադլո՞» է, դրա՞ համար:
-Ես գողական չեմ, ախր ո՞նց չեք դա հասկանում:
-«Հեղինակություն» էլ չե՞ք:
-Դե, «հեղինակությունը»… Ամեն ոք թող ցանկանա իմ կարգի մարդ լինել ու էդպիսի հեղինակություն ունենալ: Գիտեք, «հեղինակություն» ունենալը, ես մի անգամ՝ 95 թվականին, որ պատգամավոր էի, նորից խոսվում էր` «հեղինակություններ-հեղինակություններ», չեմ ուզում անունը տալ այդ մասին շատ խոսող պատգամավորի, ինքը շատ էր դա շահարկում, ես ասի՝ այ ընկեր, եթե ես գամ ձեր շենքի տակ կանգնեմ, ձեր տան տեղը հարցնեմ, մարդիկ չիմանան, դու ո՞նց կզգաս քեզ, քեզ ի՞նչ տեսակ մարդ կհամարես, ուրեմն դու էնքան անպետք մարդ ես, որ ձեր տան տեղն իմացող չկա: Հիմա, ենթադրենք, մեր թաղ մտնեն, հարցնեն, օրինակ, Սեդրակյան Մհերը որտե՞ղ է ապրում, բոլորն էլ գիտեն մեր տան տեղը, ցույց կտան։ Ո՞նց ես մտածում` ձեր որա՞կն է ավելի նորմալը, թե՞ մեր որակը:
-Իսկ ասենք, Աստծո աչքի՞ն դա ոնց է երևում:
-Ես ճիշտն ասած, դա չգիտեմ, էնքանը գիտեմ, որ ես Աստծո պահած մարդ եմ:
-Ինչո՞վ եք «Աստծո պահած մարդ»:
-Էն, որ մեքենայիս մեջ պայթացրին ինձ` 2003 թվականին, չպայթեցի։ Աստված ինձ պահեց:
-Իսկ ինչի՞ համար պահեց, ի՞նչ եք կարծում:
-Դե, երևի մտածեց, որ շատ լավություններ եմ արել, շատ մարդկանց եմ օգնել, հեղինակությունը շատ ավելի ըտեղից ա եկել: Որպես մարդ, երբեք չի եղել, որ ինձ դիմած կարիքավորին օգնած չլինեմ: Թեկուզ շատ ժամանակ էլ խաբում են ինձ: Ոչինչ: Որ չանեմ, քունս չի տանի, կգնամ կպառկեմ, հա կմտածեմ էդ մասին, հա կմտածեմ:
-Իսկ որ Ձեր «ադաշ», մեր լավ լրագրող Մհերին կոպտել էիք, էդ գիշեր Ձեր քունը տարա՞վ:
-Նախ` Մհերն ինքն ա դրա առիթը տվել, հետո, իհարկե, մենք հանդիպել ենք, խոսել ենք, հետո ես իմացել եմ, որ դա շինծու է եղել:
-Ինչ ասել է` «շինծու»:
-Դե, դա կարևոր չէ, կարևորը, որ Մհերը նորմալ, կարգին տղա է, ես բան չունեմ ասելու:
-Եվ վերջին հարցը` «գեղարվեստականորեն» ձևակերպած. Դուք ո՞ւմ եք «պրիզնատ» գալիս էս կյանքում:
-«Պրիզնատը» ո՞րն է, ում արժե հարգել, հարգում ենք, ում արժե ընդունել, ընդունում ենք:
-Ասենք` Ռոբերտ Քոչարյանին:
-Երկրի նախագահ է եղել, ես դրա իրավունքն էլ չունեմ` չընդունեի, չհարգեի:
-Լևոն Տեր-Պետրոսյանին:
-Լևոնին էլ։ Հա, իրեն էլ:
-Կուզե՞ք` Քոչարյանը հետ գա:
-Ազգի համար պետք է կարևոր լինի իր հետ գալը, ոչ թե իմ:
Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ